четверг, 14 февраля 2013 г.

Մոտակա պլաններ. Սովորել բաց թողնել քեզ իմ կյանքից...

Միայն մի բառ եմ բղավում ներսումս.
- Չխանգարե՛ս:
Անձայն շշնջում եմ՝ կրկնելով.
- Միայն թե չհայտնվե՛ս:

Այնքան երկար եմ քեզ կանչել, այնքան սպասել ու աղոթել, չեմ հավատացել, երբ փաստերը բղավել են. ՛՛Նա քեզ չի սիրում՛՛: 
Պայքարել եմ, շարունակելով թակել դռները, որոնք քեզ թաքցրել էին ինձանից: 
Ատել եմ ակնթարթը, որը տարավ քեզ՝ չթողնելով ինձ համար անգամ մի երկտող: 
Կոտրել եմ գլուխս, հորինել հազարավոր պատճառներ՝ բացատրելու այն, ինչ արեցիր և արդարացնելու համար քեզ իմ սրտում, քեզ՝ քո խղճի առաջ:
Լացել եմ, երեսս սեղմելով բարձիս մեջ, ոռնացել, երբ մենակ եմ եղել... աղոթել եմ, աղոթել անվերջ... բարձրաձայն, անձայն, քնած ժամանակ... անգիտակցաբար: Բայց ի՞նչ օգուտ: Գեղեցիկ պատմությունները, գուցե, իսկապես միշտ այդպես հանկարծակի են ավարտվում, առանց բացատրությունների, առանց խոսքերի...
Եվ ինչպես առաջ, այնպես էլ հիմա ես հավատում եմ: Հավատում եմ, բայց արդեն նրան, որ կկարողանամ քեզ բաց թողնել, կսովորեմ կրկին ապրել: Ես հավատում եմ, քանի որ եթե չես կարողանում հետ բերել կորցրածդ, կյանքը քեզ ապրելու ուրիշ ուղի է ցույց տալիս: Ինչպես մայրիկի հետ կապված մանուկ, որին պոկում են նրա գրկից, սկզբում լալիս ես, պայքարում, չես ուզում ուրիշ ոչ մի ճանապարհ....Բայց ժամանակը փոխում է ամեն ինչ: Ես էլ եմ մեծանում ու հիմա կանգնած ճանապարհի խաչմերուկում՝ աղոթում եմ, որ չհայտնվես, ինչպես չես հայտնվել, երբ դրա կարիքն այդքան ունեի:
Մինչև նոր ճանապարհս շարունակելը ուզում եմ քեզ երկտող թողնել. ՛՛Աղաչում եմ, չհայտնվես: Ինձ ուղղակի հեռվից բարի ճանապարհ մաղթիր՛՛: